Երևանում գործող ծաղկի մանրամեծածախ շուկաներից մեկը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Վաճառողն ու գնորդն այստեղ հանդիպում են ամեն օր՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև կեսգիշերին մոտ։ Շուկայից օգտվում են թե՛ վերավաճառողները, թե՛ անհատ գնորդները։
Ծաղկավաճառները ծաղիկներն աճեցում են Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և ՀՀ տարբեր մարզերում կառուցած ջերմատներում։
Armenia Today-ը շրջել է ծաղկի շուկայում և տեղեկացել, թե ծաղիկների գներն ինչպիսին են լինում տարվա տոնական և ոչ տոնական օրերին, ինչպես նաև՝ դրանք աճե՞լ, թե՞ նվազել են նախորդ տարվա համեմատ։
Վաճառողները և գնորդներն ասում են, որ հատկապես տարվա տոնական օրերին ծաղիկների պահանջարկն աճում է, դրան զուգահեռ՝ նաև գինը։
«Այս տարի, անցած տարվա համեմատ, առևտուրը մի փոքր թույլ էր, բայց վատ չէր»,- ասել է ծաղկավաճառներից մեկը։
Մեկ այլ վաճառող փաստել է, որ ինչպես բոլոր տոնական օրերին, այնպես էլ կանանց միամսյակի ընթացքում, ծաղիկների գները պահպանվում են և չի դժգոհել առևտրի ծավալից։
«Անցած տարվա համեմատ՝ այս տարի առևտուրն ավելի լավ է»,- ասել է նա։
Ծաղկավաճառները նշել են, որ իրենք նաև արտահանում են իրենց ապրանքը, և ծաղիկների գինը տեղական շուկայում աճում է հենց արտահանմամբ պայմանավորված։
«Եթե արտահանում չկա, ինչպես օրինակ անցած տարի էր, ծաղիկների գները ցածր են լինում»,- պատմել է նրանցից մեկը:
Ջերմատները ջեռուցվում են հիմնականում գազով, որը բավական ծախսատար է, և դրանով են նաև ծաղկավաճառները պայմանավորում հատկապես ձմռան ամիսներին ծաղիկների համեմատաբար բարձր գինը. «Մարդիկ գազ են վառում, գազը թանկ է, պիտի կարողանան չէ՞ իրենց ապրանքը հարմար գնով վաճառել»:
Շուկայի գնորդները, որ շաբաթվա ընթացքում առնվազն 2-3 անգամ այցելում են այստեղ, գներին ծանոթ են։
«Երբեմն լինում են տատանումներ, բայց, ամեն դեպքում, օգտվում եմ շուկայից»,- նշել է հարցման մասնակից գնորդներից մեկը:
Իսկ տարվա այս ամիսներին և հատկապես կանանց միամսյակի ընթացքում ամենապահանջված ծաղիկները հիմնականում կակաչներն են։
Մանրամասները՝ տեսանյութում:





































