Հայաստանի էներգետիկ համակարգը վերջին ամիսներին հայտնվել է ներքաղաքական և տնտեսական քննարկումների առանցքում։
Գրեթե մեկ տարի առաջ կառավարության կողմից սկսված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը և դրա սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը նոր իրավիճակ են ստեղծել ոլորտում՝ բարձրացնելով մի շարք հարցեր կառավարման և հանրային վստահության տիրույթում։ Կարապետյանին մեղադրանք էր ներկայացվել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը քննադատելուց անմիջապես հետո։ Թեև իրավապահ մարմինները շեշտում են, որ քրեական գործը կապ չունի քաղաքականության, ինչպես նաև պետականացման որոշման հետ, սակայն ընդդիմությունը, այդ թվում՝ խորհրդարանական, այս երկու երևույթն իրար հետ է կապում:
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կառավարության կողմից ներկայացվում է որպես համակարգային բարեփոխումների մեկնարկ։ Պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ դրա նպատակն է ապահովել կառավարման բարձր արդյունավետություն, ներդրումային թափանցիկ քաղաքականություն և սակագնի հնարավոր վերանայում։ Կառավարությունը նաև պնդում է, որ մասնավոր կառավարման մոդելը բավարար չափով չի ապահովել ենթակառուցվածքների արդիականացումը, ինչի հետևանքով կուտակվել են տեխնիկական և ֆինանսական խնդիրներ։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը քննադատաբար է մոտենում պետականացման գործընթացին։ Ղազինյանը նշում է, որ առանց հստակ ներդրումային պլանի և մասնագիտական կառավարման թիմի պետականացումը կարող է վերածվել կարճաժամկետ քաղաքական քայլի՝ առանց որևէ դրական համակարգային արդյունքի։ Նա նաև կարևորում է ապահովել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիարժեք անկախությունը, որպեսզի սակագնային քաղաքականությունն ու հնարավոր ներդրումային ծրագրերն ավելի չափելի և շահեկան լինեն։
Ֆինանսական աուդիտ, ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատում և վերազինում, սպասարկման որակի բարելավում, կորուստների կրճատում, սակագնի վերանայում. հիմնականում սրանք են ՀԷՑ-ի այն առաջնահերթությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
ՀԷՑ-ի հարցում հանրային դժգոհության հիմնական պատճառները հոսանքի անջատումների հաճախականությունն է և մատուցվող ծառայությունների որակը։ Այս մասին սոցիալական ցանցերում և մամուլում քաղաքացիները հաճախ են դժգոհում։
Armenia today-ը Երևանի 5՝ Նոր Նորք, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում շուրջ 80 քաղաքացուց հետաքրքրվել է՝ հասկանալու ՀԷՑ-ի մատուցած ծառայությունների որակի և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախակիության մասին նրանց կարծիքը։
Հարցվածների շրջանում Կենտրոնի բնակիչներն են, որ գրեթե չեն դժգոհել անջատումների հաճախակիությունից։
«Կենտրոնում եմ ապրում, այստեղ հոսանքը չեն անջատում»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Էրեբունու տարբեր հասցեների բնակիչներից ոմանք գոհ, ոմանք էլ դժգոհ թե՛ անջատումների հաճախակիությունից և թե՛ ՀԷՑ-ի մատուցած ծառայությունների որակից։
«Շատացել են անջատումները, որը ցանկալի չէ»,- նկատել է հարցման մասնակիցներից մեկը:
Հարցվածներից որոշները դժգոհել են նաև հոսանքի թույլ լարումից կամ տատանումներից, որի պատճառով գույքային վնաս են կրել։
«Անորակ է, տատանվում է հոսանքը․ դրանից իմ լվացքի մեքենան փչացել է»,- նշել է Նոր Նորքի մի բնակիչ։
Պատկերը նույնն էր նաև Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում։ Ոմանք անջատումների նվազում, ոմանք էլ՝ ավելացում են նկատել։
Ըստ Ղազինյանի՝ ՀԷՑ-ի՝ վերջին 4 ամսվա ընթացքում անարդյունավետ կառավարման հետևանքով ՀՀ-ում 40%-ով ավելացել են էլեկտրաէներգիայի անջատումները։
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն՝ հասկանալու համար, թե արդյոք ՀԷՑ-ի պետականացումը կդառնա՞ արդյունավետ կառավարման նոր մոդել, թե՞ կմնա քաղաքականությամբ պայմանավորված անցումային քայլ։
Մանրամասները՝ տեսանյութում:




































