Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Արքեպիսկոպոսին ազատելու որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին տեղեկացրել է, որ արքեպիսկոպոսի նկատմամբ դատարանը սահմանել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և մի շարք սահամանափակումներ, որոնց մասին կհայտնեն լրացուցիչ։
Դատարանն արքեպիսկոպոսի համար սահմանել է տարածքային սահմանափակում՝ արգելելով սրբազանին դուրս գալ Վաղարշապատ համայնքի տարածքից, նշել է Մելիքյանը։ Ըստ փաստաբանի՝ բարձրաստիճան հոգևորականին արգելվել է շփումներ ունենալ գործով վկաների հետ: Պաշտպանական կողմը նշել է, որ գոհ չէ որոշումից և այն բողոքարկելու են:
«Այնպես չէ, որ այս որոշումից գոհ ենք: Առաջին պահից պնդում ենք, որ այստեղ պարզապես հիմնավոր կասկած չկա: Այն արարքը, որը նկարագրված է մեղադրանքում, և քրեական օրենսգրքի հոդվածը, որը կիրառում են, կապ չունեն իրար հետ»,- նշել է Մելիքյանը։
Պաշտպանի խոսքով՝ ըստ մեղադրանքի սրբազանը, իբր, կոնկրետ մարդկանց արատավորելու համար է գործողությունները կատարել, ինչը թմրանյութերի իրացման նպատակ չէ։
2025 թվականի դեկտեմբերի 4-ին արքեպիսկոպոսին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։ Փետրվարին նրա կալանքը 2 ամսով երկարաձգվել էր։






































