ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, հայտարարել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա ավելի ուշ հայտարարել է, որ Արշակ սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի:
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին վեհափառի (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկորորդ-խմբ․) դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- գրել է փաստաբանը Ֆեյսբուքում:
Ապա նա տեղեկացրել է, որ ավարտվել են Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով, նշել է Բաբայանը:
ՔԿ մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ: Դեկտեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը վերահաստատել էր իրեն վերագրվող տեսանյութերի կեղծ լինելը։




































