Նվազագույն կենսաթոշակը 10 000 դրամով բարձրացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքացիները տարբեր կերպ են գնահատում: Ոչ բոլորն են դրական ընդունում այս լուրը՝ նկատելով, որ եթե բյուջեն նման հնարավորություն ուներ, ինչո՞ւ միայն հիմա՝ խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ, նման որոշում կայացվեց:
Իշխանությունները պատրաստվում են 667 000 թոշակառուի կենսաթոշակ բարձրացնել 10 000 դրամով, բարձր թոշակ ստացողներինը կավելանա 7000-8000 դրամով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով՝ պետբյուջեից շուրջ 80 միլիարդ դրամ կհատկացվի: Քաղաքացիները 10 000 դրամը, մյուսների դեպքում էլ՝ դրանից ավելի քիչ բարձրացումը բավարար չեն համարում:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը, գնահատելով կենսաթոշակների բարձրացման որոշումն, ասում են՝ թոշակների բարձրացումը չի թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը և չի ապահովելու իրական բարելավում։
Միքայելյանը շեշտում է՝ Հայաստանում կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտություն կա, քանի որ դրանք շատ ցածր են սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի համեմատությամբ։ Նա կոչ է անում զերծ մնալ կենսաթոշակների բարձրացումը որպես իշխանության կողմից բարի կամքի դրսևորում կամ առանձնահատուկ ձեռքբերում ներկայացնելուց։
Կամենդատյանը ևս համոզված է՝ 10 000 դրամը չի կարող թեթևացնել քաղաքացիների սոցիալական բեռը: Փորձագետների համոզմամբ՝ սա ընտրություններից առաջ ընտրակաշառքի տրամաբանության մեջ է իրականացվում, սակայն թոշակի անվան տակ է ներկայացվում և զուրկ է քաղաքացիների կենսամակարդակի երկարաժամկետ բարելավմանն ուղղված ռազմավարական հեռանկարից: Հիշեցնում են նաև վարչապետի վերջերս արած հայտարարությունը թոշակառուների մասին։
Փորձագետներն այս որոշման վերաբերյալ թերահավատ են նաև այլ պատճառով. նրանք բյուջետային միջոցների կառավարման ցածր արդյունավետության պայմաններում պետական բյուջեի համար ռիսկեր են տեսնում։ «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Կամենդատյանի գնահատմամբ՝ սա բյուջեի վրա մոտավորապես 60 միլիարդ դրամի ծախս է լինելու:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողներին հայտնել է, որ կենսաթոշակների՝ ապրիլի 1-ից սպասվելիք բարձրացման ֆինանսավորումը բյուջետային հնարավոր ճեղքվածքների ռիսկեր չի առաջացնում: Իշխանություններն էլ խոստանում են իրենց ընտրվելու դեպքում կրկին բարձրացնել թոշակը։
Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիներն ընդգծում են, որ սա ուշացած քայլ է. կենսաթոշակների բարձրացումը պետք է իրականացվեր շատ ավելի վաղ։ Նշենք, որ 2024-ին ևս տնտեսական աճի մասին էր հայտարարվել, բյուջեն ռեկորդային էր՝ 7,4 միլիարդ դոլար, սակայն կենսաթոշակների ավելացում այդ տարի տեղի չունեցավ:
Քաղաքացիներն ասում են՝ կենսաթոշակները պետք է բարձրացվեն պարբերաբար՝ հաշվի առնելով գնաճն ու թոշակառուների միջոցների մշտական սղությունը։
Արդյոք 10 000 դրամի հավելումը քաղաքացիների համար կդառնա՞ իրական սոցիալական հենարան, թե՞ կմնա որպես ընտրություններից առաջ կիրառված մարտավարական քայլ և որքանո՞վ է այն արդարացված բյուջետային կայունության տեսանկյունից, պարզ կդառնա արդեն հունիսից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում։





































