ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս պահին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների զոհվելու մասին տեղեկություն չունի, հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նա տեղեկացրել է, որ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները շարունակում են իրենց գործունեությունը։ ԱԳՆ-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթերի չեղարկման կամ հետաձգման պատճառով ՀՀ քաղաքացիների վիճակին ու ձեռնարկվող քայլերին՝ նախարարությունը հաղորդել է, որ կապ է պահպանվում ավիաընկերությունների հետ՝ թռիչքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Նշվում է, որ որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։
ԱԳն-ն հրապարակել է նաև ՀՀ քաղաքացիների համար տրամադրված կոնտակտային տվյալները՝
Իրան – +98 902 0059927
Իսրայել – +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972 58 5811144
Արաբական Միացյալ Էմիրություններ – +971 506144624, +971 509367385
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն – +971 58 567 0993
Քուվեյթ – +965 25322175, +965 90065454, +965 25322174
Օման – +968 93812337
Կատար – +974 44919232, +974 33303979
ՀՀ ԱԳՆ թեժ գիծ – +374 55 620111 (նաև WhatsApp)
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Իրանի տարածքում «կանխարգելիչ» հարվածների մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:





































