ԱՄՆ հյուսիս-արևելքում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Նյու Յորքում, ինչպես նաև Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Դելավեր, Նյու Ջերսի և Ռոդ Այլենդ նահանգներում, հայտնում է Reuters-ը։
Նյու Յորքում ժամանակավորապես արգելվել է ոչ անհրաժեշտ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Արգելքը չի տարածվում հանրային տրանսպորտի, դեղորայք, սնունդ և վառելիք տեղափոխող մեքենաների, ինչպես նաև կենսական նշանակության ծառայությունների վրա։
Նշվում է, որ Նյու Յորքում փակվել են բոլոր պետական դպրոցները, մի շարք գրասենյակներ անցել են արտակարգ ռեժիմի, ոչ հիմնական աշխատակիցներին թույլատրվել է աշխատել հեռավար։
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ձյունը կարող է տեղալ ժամում 5-7,5 սմ ինտենսիվությամբ, իսկ քամու պոռթկումները՝ հասնել մինչև 110 կմ/ժ արագության։
Ձնաբուքը խաթարել է ճանապարհային և օդային հաղորդակցությունը, չեղարկվել են հազարավոր չվերթեր, հնարավոր են էլեկտրամատակարարման խափանումներ։ Իշխանությունների գնահատմամբ՝ փոթորկից կարող է տուժել շուրջ 54 մլն մարդ։
Նշվում է, որ սա տեղի է ունենում ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ 2026 թվականի հունվարին ԱՄՆ-ում հզոր ձմեռային փոթորկի հետևանքով զոհվել էր առնվազն 100 մարդ։






































