Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը քննադատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի «դատարանի» վճիռը՝ հայտարարելով, որ պայքարելու է նրա ազատազրկման համար:
«Դա ծիծաղելի է։ Ամբողջ աշխարհում նրանք, ովքեր հավատում են խաղաղությանը և արդարությանը, պարկեշտությանը և անկողմնակալությանը, պետք է շարունակեն պայքարել նրա ազատագրման համար, ինչպես ես եմ անելու»,- գրել է նա X-ում:
Ադրբեջանի ռազմական «դատարանն» Արցախի նախկին պետնախարարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նա կանցկացնի բանտում, մյուս 10 տարին՝ խիստ ռեժիմի բանտում:
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն էլ նշել է, որ Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են:
«Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ո՞ւմ է դատում… Եվ Ռուբենի և մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել»,- հավելել է նա:
Ղուլյանի համոզմամբ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունեն բոլորը:
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի պնդմամբ՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայերի խնդիրը որևէ փուլում իրավական չէր․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։ ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն»,- գրել է Աբրահամյանը Ֆեյսբուքում։
Վարդանյանի ընտանիքն Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը որակել էր սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի։
15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել նաև Արցախի մյուս ղեկավարներն ու այլ մեղադրյալներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր Բաքվում բանտարկված Արցախի առաջնորդների ազատ արձակման հնարավորությունը։





































