«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 2026 թվականի ներդրումները կիրականացվեն նախորդ տարիներին կատարված ներդրումներից ստացված շահույթի հաշվին, և սեփականատերերի հաստատումը պարտադիր չէ, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրա մամուլի ասուլիսը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ըստ Մեսրոպյանի, ներկայիս ընթացակարգը չի պահանջում այս հարցի առանձին հաստատում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից։ Նա նշել է, որ վերջնահաշվարկ կատարելիս 2026 թվականի ներդրումային ծրագրի գումարը կներառվի ՀԷՑ-ի սեփականատերերին վճարման ենթակա միջոցների չափի մեջ։
«Դա գործող սեփականատերերի գումարն է։ Այս պահին դա պետք է ծախսենք՝ ՀԷՑ ՓԲԸ-ի բնականոն աշխատանքն ապահովելու համար, բայց երբ գա ահը, որ պետությունը պետք է գին վճարի նախկին սեփանակատերերին, այսօրվա ծախսած գումարները ներդրումային մասով պետք է վճարվելիք գումարի մաս կազմեն»,- բացատրասել է ՀԾԿՀ ղեկավարը։ Մեսրոպյանն ընդգծել է, որ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ընկերության սեփականատերերի հետ նախնական պայմանավորվածության կարիք չկա։
Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ ինքը համաձայն է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ ինտեգրելու ծրագրերին։ Մեսրոպյանի խոսքով՝ անհրաժեշտ ենթակառուցվածքը գոյություն ունի դեռևս խորհրդային ժամանակներից։
Ըստ նրա, երբ քաղաքական որոշումներ կայացվեն և ներդրումներ ապահովվեն, այդ ենթակառուցվածքը կարող է վերականգնվել։ Միևնույն ժամանակ, Մեսրոպյանը շեշտել է, որ ՀէՑ-ը թուրքական ընկերություններին փոխանցելու հարցն օրակարգում չէ, նույնիսկ տեսական մակարդակում։
Նա հերքել է այն տեղեկությունները, որ հանձնաժողովի երեք բարձրաստիճան աշխատակիցներ, իբր, 2025 թվականին այցելել են Թուրքիա՝ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին վաճառելու վերաբերյալ հետագա բանակցությունների համար։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։




































