Արմեդ էլեկտրոնային առողջապահության համակարգում թմրանյութերի կամ հոգեկան առողջության հետ կապված խնդրի գրանցումից հետո քաղաքացու վարորդական իրավունքը մեխանիկորեն կդադարեցվի։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ ԱԺ լիագումար նիստում նախագծի վերջնական ընդունման դեպքում Արմեդում գրանցված տվյալներից հետո վերոնշյալ քաղաքացիները կզրկվեն վարորդական իրավունքից։ Նա նշել է, որ գործող կարգավորումներով ՆԳՆ-ն հարցումների եղանակով է բացահայտել այդ խնդիրները, որոնց հիմքով էլ քաղաքացիների վարորդական իրավունքը դադարեցվել է։
«Այն պահին, երբ Արմեդ համակարգում կարձանագրվի, որ անձն ունի թմրամիջոցների կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից, որից հետո անձի վարելու իրավունքը կդադարեցվի»,- մանրամասնել է Ղազարյանը:
Փոխնախարարը ներկայացրել է նաև վերջին 4 տարիների վիճակագրական տվյալներն այն անձանց մասով, որոնք թմրանյութերի կամ հոգեկան առողջության խնդիրների պատճառով զրկվել են վարորդական իրավունքից։
«2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունք: Տարեկան կտրվածքով՝ այդ անձանց թիվը շուրջ 600 է»,- հավելել է նա։





































