«Հանրապետւթյուն» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Որոշումը կայացվել է հունվարի 22-ին կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, հայտնել է քաղաքական ուժը Ֆեյսբուքում:
Նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։
Թե ինչ ձևաչափով է մասնակցելու «Հանրապետությունը», չի հաղորդվում:
Կուսակցության նախագահն Արամ Սարգսյանն է: Կուսակցությունը Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկերն է:
«Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրվել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր կողմից 2001 թվականին։ 2024 թվականի հունիսին կուսակցությունը մի շարք այլ քաղաքական ուժերի հետ միասին կոչ էր արել Հայաստանում անցկացնել հանրաքվե երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը և այլն: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանական էր համարել մասնակցությունը:




































