Իրանում բողոքի վերջին ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի զեկույցին։
Զեկույցի համաձայն՝ զոհվածներից 2427-ը քաղաքացիական անձինք և անվտանգության ուժերի աշխատակիցներ են։ Զեկույցում նաև նշվում է, որ երկրում բռնության գագաթնակետը գրանցվել է հունվարի 8-ին և 9-ին։
Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների պաշտպաններ» լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Իրանում 2025 թվականի դեկտեմբերի 28-ից ի վեր զոհերի թիվը հասել է առնվազն 4560-ի։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ բողոքի ցույցերի ժամանակ «մի քանի հազար» մարդ է զոհվել՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին իրադարձությունների համար։ Իրանում բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և գների աճի պատճառով։





































