Իտալական ոստիկանությունը ձերբակալել է ինը անձի, որոնց մեղադրում է ավելի քան երկու տարվա ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման համար շուրջ 7 միլիոն եվրո հավաքագրելու մեջ, տեղեկացրել է BBC-ն:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ գումարը ձևականորեն հավաքվել է որպես մարդասիրական օգնություն պաղեստինցի խաղաղ բնակչության համար, սակայն, իրականում, փոխանցվել է խմբավորմանը՝ «բարդ դրամահավաք համակարգի» միջոցով։
Ձերբակալություններին զուգահեռ՝ ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննության շրջանակում առգրավվել է ավելի քան 8 միլիոն եվրոյի ակտիվ։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները «մեղադրվում են ֆինանսավորման գործողություններ իրականացնելու մեջ, որոնք, ըստ գնահատականների, նպաստել են ահաբեկչական գործունեությանը»։
Ձերբակալություններն իրականացվել են Իտալիայի հակաահաբեկչական և ֆինանսական ոստիկանության համատեղ գործողության արդյունքում։ Հետաքննության ընթացքում բացահայտվել է դրամահավաքի «բարդ» համակարգ, որի կենտրոնակայանը գտնվել է Ջենովայում, իսկ մասնաճյուղերը՝ Միլանում։
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ այս համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել 20 պատանդի, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Իսրայելն, ի պատասխան, բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչների:






































