Ադրբեջանցիների կողմից օկուպացված Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանին Բաքվում 16 տարվա ազատազրկման են դատապարտել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավանեսյանը մեղադրվում է «ահաբեկչության և հատկապես ծանր հանցագործությունների» մեջ։ Սեպտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել էին, որ Ավանեսյանը վիրավորվել և կալանավորվել է Ստեփանակերտում։
Նրանք պնդում են, որ նա, զինված լինելով, «փորձել է մոտենալ միջոցառման վայրին», որից հետո ձերբակալության ժամանակ «զինված դիմադրություն է ցույց տվել»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Ստեփանակերտում։
Նրանց հաղորդած տեղեկությունն ստուգել հնարավոր չէ:
Արցախցու դատավարությունը Բաքվում սկսվել էր դեկտեմբերի 11-ին։





































