Մեղադրողները մինչև 2352 տարվա ազատազրկում են պահանջում Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը պատրաստել է գրեթե 4000 էջանոց մեղադրական եզրակացություն Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով 400-ից ավելի կասկածյալի դեմ։ 105 մեղադրյալ արդեն ձերբակալվել է, ասել է Գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքը։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, հարուցվել է 143 քրեական գործ, այդ թվում՝ կաշառակերության 12 դեպք, փողերի լվացման 7 դեպք և խարդախության 7 դեպք։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Իմամօղլուի գլխավորած խմբի գործողություններից պետական մարմիններին պատճառված վնասը գնահատվում է 24 մլն դոլար և 160 մլրդ լիրա (գրեթե 3,8 մլրդ դոլար), նշել է թերթը։
Մարտին Ստամբուլի համալսարանը որոշել էր չեղյալ համարել Իմամօղլուի և ևս 27 անձի դիպլոմները՝ երկրի Գլխավոր դատախազության դիմումից հետո, ինչը նրան թույլ չէր տվել առաջադրվել նախագահի պաշտոնում։ Մեղադրող կողմն Իմամօղլուի համար պահանջում է գրեթե ինը տարվա ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք՝ դիպլոմների կեղծման գործի հետաքննության կապակցությամբ։
Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամը ղեկավարում էր Ստամբուլը 2019 թվականից և վերընտրվել էր այդ պաշտոնում 2024 թվականին՝ իշխող կուսակցության իր մրցակցի նկատմամբ գրեթե 12% առավելությամբ։ Մարտի 23-ից ձերբակալված քաղաքապետը գտնվում է Ստամբուլի Սիլիվրի արվարձանի բանտում՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Թուրքիայում հազարավոր մարդիկ նրան աջակցելու նպատակով դուրս էին եկել փողոց։






































