Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի տասնյակ թիրախների, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՊԲ-ի մամուլի ծառայությանը։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ հարվածները հասցվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախներին: Իսրայելը հայտարարել է, որ հարվածները խմբավորման կողմից հրադադարի խախտման պատասխանն են: Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է իր երկու զինվորի մահվան մասին Գազայի հատվածի հարավային մասում մարտական գործողությունների ժամանակ, մեկ զինվոր էլ ծանր վիրավորվել է:
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ անցակետի ծայրամասին։ Իսրայելական կողմը հայտարարել էր, որ հարվածները հասցվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների արձակած կրակոցներից հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել էր զինվորականներին «վճռական գործողություններ ձեռնարկել» Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ: Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ էր արել վարչապետին «լիովին վերսկսել ռազմական գործողությունները Գազայում՝ առավելագույն ուժով»:
Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ որևէ կապ չունի Ռաֆահում տեղի ունեցած բախումների հետ:
«Այս տարածքը վերահսկվում է Իսրայելի կողմից, և մենք այս տարվա մարտից ի վեր որևէ կապ չենք ունեցել այնտեղ մնացած մեր մարտիկների հետ»,- գործակալությունը մեջբերել է խմբավորման խոսքերը: Շարժումը նաև վերահաստատել էր իր հավատարմությունը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Նեթանյահուն խախտել է Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ հրաժարվելով բացել Ռաֆահ անցակետը Եգիպտոսի և Գազայի միջև։
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։






































