Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խախտել է Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ հրաժարվելով բացել «Ռաֆահ» անցակետը Եգիպտոսի և Գազայի միջև, հայտնել է Reuters-ը։
Շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ անցակետի փակ պահելը, այդ թվում՝ վիրավորների տարհանումը և փրկարարական խմբերի մուտքը կանխելը, հանգեցնում է զոհվածների մարմինների որոնման և վերադարձի ձգձգման։ ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է «կեղծ պատճառներ հորինելու և իր պարտավորություններից խուսափելու մեջ»։
Իսրայելի Պաշտպանության բանակը, իր հերթին, հայտնել է, որ երկրի տարածք է տեղափոխվել Գազայից երկու մահացած պատանդի մարմին, որոնք ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։
Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռաֆահ» անցակետը փակ կմնա, մինչև ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի բոլոր զոհված պատանդների մարմինները։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Վաշինգտոնի առաջարկած խաղաղության պլանի առաջին փուլի պայմաններին, որը նախատեսում է պատանդների և բանտարկյալների փոխանակում ու իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Գազայից։
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին Թրամփը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։






































