Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հուսիթներն անօդաչու սարքերով հարձակվել են Իսրայելի չորս օբյեկտի, այդ թվում՝ գլխավոր շտաբի շենքի վրա, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հուսիթներին պատկանող «Ալ Մասիրահ» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել նաև «Բեն Գուրիոնի» օդանավակայանին, Աշդոդի ծովային նավահանգստին և Թել Ավիվի էլեկտրակայանին: Հուսիթների զինված ուժերի խոսնակի խոսքով՝ հարձակումները «հաջողությամբ հասել են իրենց նպատակակետերին»:
Օգոստոսի 28-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել էին Եմենի մայրաքաղաք Սանայի վրա, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ։ Հարձակման արդյունքում սպանվել էր հուսիթների կողմից ձևավորված կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Ռահավին։ Սեպտեմբերի 1-ին հուսիթները հաստատել էին չճանաչված կառավարության ևս 11 անդամի մահը, որից հետո «Անսար Ալլահ»-ի առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսին սպառնացել էր ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումները։






































