Սպիտակ տունը ներկայացրել է Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցող ԱՄՆ պատվիրակության կազմը, հայտնում է RBC-ն։
Նշվում է, որ բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը։
ԱՄՆ պատվիրակության կազմում են նաև Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն և մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ռուսական բանակցային թիմում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Պուտինին ընդունել Ալյասկայում ամենաբարձր մակարդակով։
Օգոստոսի 13-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։






































