ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին լրագրողներին հայտնել է Իրանի վերաբերյալ ստացված «բավականին լավ նորությունների» մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է հայտնել հստակ մանրամասներ՝ նշելով միայն, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դրական է զարգանում։
«Դուք կիմանաք։ Դա մի բան է, որը պետք է տեղի ունենա և, կարծում եմ, տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանի հետ կապված գործերը լավ են ընթանում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նախազգուշացում է հնչեցրել հարստացված ուրանի դուրսբերման վերաբերյալ։
Նա նշել է, որ Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգները պետք է 100%-ով դուրս բերի հարստացված ուրանն Իրանից։
Թրամփն ընդգծել է, որ եթե Իրանը հրաժարվի համագործակցել, Վաշինգտոնը կգործի «պակաս բարեկամական»։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է կտրուկ քայլերի, եթե միջուկային վառելիքի տեղափոխման գործընթացը խափանվի։






































