ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով, հայտնում է BBC-ն։
Մանդելսոնն ազատվել էր դեսպանի պաշտոնից սեպտեմբերին՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ֆայլերի հրապարակումից հետո, որտեղ հիշատակվում էր նաև նախկին դեսպանը: Փետրվարի սկզբին ոստիկանությունը քրեական հետաքննություն էր սկսել Մանդելսոնի նկատմամբ։
Ըստ Financial Times-ի՝ 2010 թվականին Մանդելսոնը, նախարարի պաշտոնում աշխատելիս, լոբբինգ էր իրականացրել ԱՄՆ կառավարության մոտ Էփշտեյնի անունից բանկային կարգավորման վերաբերյալ։
Հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Էպշտեյնի գործերի» հրապարակումը բացահայտել էր, որ 2009-2010 թվականներին Մանդելսոնը, Մեծ Բրիտանիայի բիզնեսի նախարարի և, փաստացի, փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս, Էփշտեյնին տեղեկություններ էր փոխանցել ԵՄ-ի կողմից եվրագոտու ֆինանսական օգնության, Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ակտիվներ վաճառելու և հարկային համակարգը փոխելու ծրագրերի մասին։
Էփշտեյնի հետ իր կապերի համար փետրվարի 19-ին նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել և տարվել էր ոստիկանական բաժանմունք։ Նա ազատ էր արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո, նրա տունը նույնպես խուզարկվել էր։
Էփշտեյնը 2008 թվականին մեղավոր էր ճանաչվել մարմնավաճառություն կազմակերպելու մեջ և դատապարտվել անչափահասի բռնաբարության համար։ 2019 թվականի ամռանը նա կրկին ձերբակալվել էր Միացյալ Նահանգներում և մեղադրվել աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա, առևտրով զբաղվելու և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ։ Նույն թվականի օգոստոսին 66-ամյա միլիարդատերն ինքնասպանություն էր գործել բանտում՝ դատավարությունից առաջ։
Հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էփշտեյնի գործի հետ կապված ևս 3 մլն էջ փաստաթղթեր, ինչպես նաև ավելի քան 2000 տեսանյութ և 180 000 լուսանկար։




































