Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Տեր Թադե Թախմազյանի կողմից մատուցվող պատարագին։
Փաշինյանին ուղեկցել են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Կառավարության ղեկավարը սոցցանցերում հայտնել է, որ պատարագը կատարվել է «բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»։
Ավելի ուշ գրել է, թե ուրախ է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգն ավելի տեսանելի է դարձնում եկեղեցու երիտասարդ և նվիրյալ հոգևորականներին, ովքեր փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի»։
«Նրանց տեսնելով՝ ավելի եմ սիրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին»,- հավելել է նա։
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ քահանա Թախմազյանի կարգապահական հարցն ընդգրկված է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում։
Թախմազյանն ավելի վաղ քաղաքացիերին հրավիրել էր Հովհաննավանք՝ մասնակցելու նոյեմբերի 2-ին կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) արդեն 2-րդ ծեսին, որին մասնակցել էր նաև վարչապետը։ Թախմազյանը, մասնավորապես, նշել էր, որ կողմ է Ասատրյանի «արդար ձայնին»։
Տավուշի թեմից Տեր Տարոն քահանա Հունանյանը, որի կարգապահական հարցը նույնպես ընդգրկված էր Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում, նոյեմբերի 6-ին կարգալույծ էր հռչակվել։
Ասատրյանը Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Կարդացեք նաև՝



































