Անհայտ կորած համարվող 21 զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել է՝ ներառելով հունիս և հուլիս ամիսները:
Գործադիրի որոշմամբ՝ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար ժամկետ էր նախատեսված մինչև 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսները: Նախատեսվում է վերաբաշխում իրականացնել 2025 թվականի պետական բյուջեում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառման հաշվից հատկացնել 12,6 մլն դրամ՝ 2020 թվականի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին երկու ամսվա ընթացքում աջակցություն տրամադրելու նպատակով։
Կառավարության որոշման համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք ամսական ստանում է 300 հազար դրամ մինչև զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը։
Մեկ այլ որոշմամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան տրամադրվող սոցիալական աջակցությունը: Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի Արցախից տեղահանված 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին՝ 300 հազարական դրամի չափով:
44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 191 քաղաքացի:




































