Ապրիլի 25-ին Հայաստանում նշվել է «Քաղաքացու օրը», որը սահմանվել է իշխող խմբակցության կողմից 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
Տոնի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր օրը նշելու, այսպես ասած, «խորոված փարթիով»։ «Քաղաքացու օրվա» խորովածը՝ հյուրասիրությո՞ւն, թե՞ վաճառք. շատ քաղաքացիներ արձագանքելով վարչապետի հրավերին, ակնկալում էին հյուրասիրություն, սակայն ստիպված էին վճարել միջինը 6000 դրամ։
Տոնակատարություններն ընթացել էին Երևանի կենտրոնական Ամիրյան փողոցում, որտեղ տեղադրված տաղավարներում պատրաստվել, վաճառվել էր խորոված ու այլ սնունդ, իսկ երեկոյան Հանրապետության հրաապարակում կայացել էր համերգ՝ տեղական և արտասահմանյան աստղերի, ինչպես նաև «Վարչաբենդի» մասնակցությամբ։
Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները մասնակցե՞լ են «Քաղաքացու օրվա» միջոցառումներին և ինչպե՞ս են վերաբերվում տոնի անցկացման ձևաչափին։
Քաղաքացիների զգալի մասը բացասական է արձագանքել իշխանության նախաձեռնությանը՝ անընդունելի համարելով «Քաղաքացու օրն» ապրիլի 24-ին հաջորդող օրը տոնելը։
«Ապրիլի 24-ից հետո՞․ դեռ սուգը լրիվ չի վերջացել»,- կարծիք է հնչեցրել քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիների մի մասը որևէ արտառոց բան չի տեսնում ապրիլի 25-ին քաղաքացու տոնը խորովածով և երաժշտությամբ նշելու մեջ: Բարձր երաժշտությունն ու տոնական մթնոլորտն էլ հարցվածներից որոշների համար խնդրահարույց չեն. նրանք որևէ անհանգստացնող երևույթ չեն տեսնում դրանում։
«Առանց աղմուկի ինչպե՞ս կլինի․ ինձ այդ օրն աղմուկը չի խանգարել, որովհետև դու քեզ տրամադրում ես, որ օրը պետք է նշվի»,- շեշտել է Ամիրյան փողոցի հարակից տարածքում բնակվող քաղաքացին։
Մաշտոցի պողոտայում ապրող մեկ այլ քաղաքացի դժգոհություն է հայտնել օրվա ընտրության կապակցությամբ։
«Երևույթը տգեղ էր, որովհետև անմիջապես Եղեռնի զոհերի հիշատակի տարելիցի հենց հաջորդ օրը չարժեր խորոված փարթի անել»,- ասել է քաղաքացին։
Հարցման մասնակիցների մի մասն էլ կա՛մ զբաղվածության պատճառով չէր մասնակցել «Քաղաքացու օրվա» միջոցառումներին, կա՛մ պարզապես որպես ՀՀ քաղաքացի ցանկություն չէր ունեցել ներկա լինել:
«Ես ՀՀ քաղաքացի եմ, բայց չհամարեցի, որ դա իմ օրն է»,- ընդգծել է քաղաքացին։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասն էլ կարծում է, որ միջոցառումը կարելի էր որոշ ժամանակ անց կազմակերպել, որպեսզի այն չհաջորդեր անմիջապես ապրիլի 24-ին:
«Եթե ուզում էին նշել, այդ ամենը կարելի էր անել մեկ ամիս հետո»,- նշել է նա:
Հարցման մանրամասները՝ տեսանյութում։
Ընդդիմությունն ու իրավապաշտպանները քննադատել էին տոնի անցկացումը, որը հաջորդել էր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ապրիլի 25-ն անվանել էր «Խաբված քաղաքացու օր»։ Միևնույն ժամանակ, «Անկախ դիտորդ» ՀԿ-ն դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տոնական համերգի կազմակերպման մեջ տեսնելով կոռուպցիոն ռիսկեր։ Ըստ իրավապաշտպանների՝ իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումը ֆինանսավորվել է մեկ դոնորի կողմից, ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը, որի համաձայն՝ «նախընտրական քարոզարշավի ժամանակ» մեկ անձի նվիրատվությունը կուսակցությանը չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը։
Կարդա նաև՝


































