Արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, ովքեր այսօր ազատազրկված են, ամանորյա ուղերձներ են հղել:
«Թող գալիք 2026-ը տարբերվի 2025-ից՝ հայոց մեր պաշտելի երկրին պարգևելով ճշմարիտ խաղաղություն, օջախներին՝ սեր, ջերմություն, հայ հավատավորին՝ սթափ միտք ու առավել բարեպաշտություն: Ոչինչ են անցողիկ ամեն ինչ անանցի դեմ հանդիման, ուր միակ ճշմարիտ թագավորը Տեր Աստված է»,- իր ուղերձում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը:
Նա մաղթել է, որ Ամանորի հրաշքով բացվեն բոլոր փակ դռները:
Բագրատ սրբազանն իր ուղերձը փոխանցել է կալանավայրում իրեն այցելած ընդդիմադիր պատգամավորների միջոցով:
«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի փոխանցմամբ՝ նշել է արքեպիսկոպոս Գալստանյանը:
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը շեշտել է, որ Նոր տարվա շեմին և Սուրբծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես հեռու է, սակայն հոգով, աղոթքով և սիրով բոլորի կողքին է»։
«Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ո՛չ կապանքները, ո՛չ նեղությունները, ո՛չ հալածանքնեը, ո՛չ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)»,- նշել է եպիսկոպոսը:
Նա հավելել է՝ աղոթում է, որ հայ ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը։






































