ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը, հայտնում է կազմակերպության պաշտոնական էջը։
Մինսկի խումբը ավելի քան երեք տասնամյակ զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
ԵԱՀԿ-ի տվյալներով՝ գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին՝ ի կատարումն Նախարարների խորհրդի որոշման: Այս որոշումը պատասխան էր ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումին:
Կազմակերպությունում ընդգծել են, որ բոլոր վարչական ընթացակարգերի ավարտը նշանակում է Մինսկի գործընթացի վերջնական փակում:
«Սա 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշման իրագործումն է, որն ընդունվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Մինսկի խումբն ստեղծվել էր 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել էր 2022 թվականին։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։




































