TRIPP նախագիծը («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ նախագահ Էլինա Վալտոնենի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ սա տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից նշանակալի նախաձեռնություն է, որի իրականացման վերաբերյալ «Հայաստանը պարտավորություններ է ստանձնել Վաշինգտոնում»։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ստեղծել են խաղաղ օրակարգի առաջմղման պայմաններ»,- շեշտել է Ալիևը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր:






































