Իշխանությունները մտադիր են ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հանրային աղմուկն օգտագործել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը (ԿԸՀ) դիմի դատարան՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ ընթացակարգերի՝ ընտրակաշառքի վերաբերյալ հավաստի հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն իրավասու է դիմել դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը մերժելու կամ ուժը կորցրած ճանաչելու հայցով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահներն սկսել էին հաղորդում տարածել մարտի 30-ից: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը, այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ մարտի 30-ից սկսած՝ ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։
Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:





































