Ապրիլի 4-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այց են կատարել Աշտարակ, ուր բացվել է կուսակցության Աշտարակ քաղաքի տարածքային գրասենյակը։
Համայնքում առաջին կանգառն Ուջանում էր, ուր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ուջանցիների հետ հանդիպմանը ներկայացրել է կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերի հիմնական դրույթները։
Խոսելով աղքատության հաղթահարման հրամայականի մասին՝ Կարապետյանն ընդգծել է, որ աղքատության հարցը լուծվելու է տնտեսության միջոցով, և շեշտել Հայաստանի համար տնտեսագետ ղեկավար ունենալու անհրաժեշտության մասին։
Հանդիպմանը Կարապետյանը լսել է բնակավայրի բնակիչներին հուզող խնդիրները և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին։
Կուսակցության անդամներն այցելել են նաև Ոսկեվազ բնակավայր, ուր բնակիչների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Հանդիպմանը Կարապետյանը, խոսելով երկրի տարբեր ոլորտներում կուտակված խնդիրների մասին, ընդգծել է փոփոխությունների անհրաժեշտությունը։
«Հայաստանին այսօր պետք է մեծ փոփոխություն։ Մարդիկ ուզում են նոր առաջնորդ։ Ուզում են մարդ, որ չի իշխել այս երկրում, ով պատասխանատու չէ նրա համար, թե ինչ կյանքով ենք այսօր ապրում ու ինչի ենք հասել։ Այսօր Հայաստանում մի ուժ կա, որի առաջնորդը չունի որևէ բանի կարիք և իշխանության է գալիս արդեն իսկ ֆինանսապես ապահովված»,- նշել է Կարապետյանը։
Կուսակցությունը մարտի 18-ին ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը։
Կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:






































