Հայաստանից սննդամթերքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ, Российская газета-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Դանկվերտը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ սահմանափակումները քաղաքական որակելու հայտարարությունը, նշել է, որ խոսքը քաղաքականության մասին չէ։
«Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը կասեր, թե սահմանափակումները քաղաքականացված չեն։ Սակայն այս դեպքում խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի բազմամյա պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներ»,- ասել է նա։
Գերատեսչության ղեկավարի պարզաբանմամբ՝ Հայաստանի խնդիրն արտադրության և վերահսկողության կազմակերպումն է: Մասնավորապես, նրա խոսքով, երկրում կան բազմաթիվ փոքր գյուղացիական տնտեսություններ, սակայն արտադրության և բեռնման փուլերի միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և կոոպերացիայի համակարգը։
«Հազարավոր կապ կանաչի հավաքվում է մեկ մեքենայի մեջ, ինչից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ, ինչը ֆիզիկապես անհնար է»,- հավելել է նա։
Դանկվերտն ընդգծել է, որ ստուգումը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում, ինչի համար անհրաժեշտ են կոոպերացիա, արտադրական վերահսկողություն և արտադրողների միավորումների պատասխանատվություն:
«Հենց սա է այսօր պակասում: Ուստի սահմանափակումների պատճառները արտադրանքի որակի և անվտանգության տիրույթում են, այլ ոչ թե քաղաքականության»,- նշել է նա:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի խոսքով՝ գերատեսչությունը վարում է յուրաքանչյուր օտարերկրյա ձեռնարկության վերջին 15-18 տարիների «պատմությունը», և սահմանափակումները ներդրվում են կուտակված տվյալների հիման վրա։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև






































