ՀՀ գլխավոր դատախազությունը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Ոսկե բանալի» առողջարանն «Արարացեմենտ»-ին վաճառելու գործընթացում և պահանջել անվավեր ճանաչել ընկերության սեփականության գրանցումը, հայտնել է գերատեսչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 2003 թվականին 44,39 մլն դրամ գնահատված առողջարանը մրցույթով վաճառվել է 6,5 մլն դրամ նվազագույն գնով։
Մրցույթում հաղթած «Արարատցեմենտը», որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին, պարտավորվել էր երկու տարվա ընթացքում կատարել 30 հազար դոլարի ներդրում և ստեղծել 30 աշխատատեղ, սակայն, ըստ դատախազության, հետագայում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր՝ այդ պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Դատախազության վարկածով՝ պայմանագրի կատարման հանգամանքը պատշաճ չի ստուգվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 44,39 մլն դրամի գույքային վնաս։
Գերատեսչությունը ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Վարչական դատարան՝ հայցադիմում՝ «Արարատցեմենտի» անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։
Սա գլխավոր դատախազության կողմից Ծառուկյանին պատկանող ձեռնարկության հետ կապված ենթադրյալ խախտումների վերաբերյալ արդեն երրորդ գործընթացն է։
Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ ԱԺ քարոզարշավին մասնակցող Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։
ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացի գործընթացի նախընտրական բնույթից, իշխանությունն այս քայլով կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։
Փաշինյանի հայտարարությունից հետո ընկերությանն առնչվող ենթադրյալ այլ խախտումների մասին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Երկու տարբեր դրվագով 2 հաղորդում էր ներկայացվել ՀԿԿ, 1-ի մմասով նախաձեռնված քրվարույթ կա։





































