ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի բացառապես դեպի «Արևմուտքի ինչ-որ օգնությունն ու աջակցությունը»։
Նրա խոսքով՝ այդ ճանապարհը կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում։
Ըստ ռուս պաշտոնյայի՝ այդ ուղղությունը նախևառաջ լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ կառաջացնի Հայաստանի տնտեսական զարգացման հարցում: «Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամիտ կվարվի»,- ասել է Նարիշկինը:
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ապահարզանի» ուղին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:
Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին ՌԴ նախագահին հղված շնորհավորական ուղերձում Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու են նպաստել երկկողմ համագործակցության ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Դիտեք նաև՝




































