Գյումրիում հոկտեմբերի 20-ին ձերբակալված փաստաբան և շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներով է, հայտարարել է «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը:
Հոկտեմբերի 22-ի երեկոյան մեկնարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նիստը, որը քննում է Մխիթարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական միջնորդությունը: Նիստը դեռ շարունակվում է, դատարանի շենքի մոտ այս պահին հավաքվել են «Մեր ձևով» շարժման կողմնակիցները:
Ղազինյանն ընդգծել է փաստաբանի դեմ գործի քաղաքական բնույթը և նրա գործողություններում հանցակազմի բացակայությունը: Նա հիշեցրել է, որ ակցիայի տեսագրություններում, որի ընթացքում բերման էին ենթարկել Մխիթարյանին, երևում է, որ նա ոստիկանների կողմից ուժի կիրառման պայմաններում հանդարտության կոչ է անում:
««Մեր ձևով»-ից լինելու հանգամանքն է, ըստ ինձ, ստիպել, որ անկախ նրանից՝ ինչ-որ բան կա՞, թե՞ ոչ՝ ներգրավել Ռուբենին։ Այնպես որ, հերթական վախի ցուցադրումն է։ Ուղղակի մի պարզ բան չեն կարողանում հասկանալ, որ չեն կարող վախեցնել»,- հայտարարել է Ղազինյանը:
Նրա խոսքով՝ փաստաբանները դատարանին և քննությանը ներկայացրել են Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ առկա ամբողջ տեղեկատվությունը, որին մասնակցել է Մխիթարյանը, և նրա նկատմամբ քրեական հետապնդման որևէ հիմք չկա: Նշելով, որ չի ուզում հույսը կորցնել, Ղազինյանը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, «գործը կհասցնեն ավարտին»:
«Եթե հերթական անգամ զանգովի արդարադատություն տեղի ունենա, ապա քաղբանտարկյալների թիվը մեկով կավելանա շատ պարզ պատճառով, որովհետև ներկայացրել ենք դատարանին էլ, քննչականին էլ ամբողջ ինֆորմացիան, գրեթե ամբողջ ժամանակագրությունը, որտեղ Ռուբենը եղել է, չկա որևիցե քայլ, որը կարող է հանգեցնել Ռուբենի նկատմամբ քրեական հետապնդման»,- ընդգծել է նա:
Մխիթարյանին և ևս 36 մարդու բերման էին ենթարկել հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի մոտից, որտեղ ուժայինները ժամանել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար
Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։



































