ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարածաշրջանային նոր իրողությունները նոր են նաև ԵԱՀԿ-ում ՀՀ-ի մասնակցության համար։ Նա այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի է ունենում միանգամայն նոր, հանգիստ հանգամանքներում, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում, իհարկե՝ նախ և առաջ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները»,- նշել է նախարարը։
Նա պատմել է, որ Վալտենենին ներկայացրել է մանրամասները, այդ թվում՝ պայմանագրի նախաստորագրումը, սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Միրզոյանը նշել է, որ Մինսկի կառույցների լուծարման համատեքստում իրողությունները նոր են նաև Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից։
«Պետք է որպես նոր իրողություններում գտնվող պետություն մեզ համար բացահայտենք նոր համագործակցության և մասնակցության հորիզոններ, նոր հարթություններ, մեծապես հետաքրքրված ենք տնտեսական համագործակցության հնարավորություններով, նաև բնապահպանական՝ շրջակա միջավայրի հետ կապված հարցերում»,- ընդգծել է նա։
Նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ հարթակը այս և հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ԵԱՀԿ ամբողջ գոտում։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։
Մինսկի խումբն ստեղծվել էր 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել էր 2022 թվականին։





































