Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ։
«Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն և նոր լարվածություն, նաև լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Մայր Աթոռն անթույլատրելի և դատապարտելի է համարել հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես նաև եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև դատապարտել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ԵԽԽՎ հայտարարությունն անվանել է «ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ՝ եկեղեցու դեմ իշխանությունների իրականացրած գործողությունների վերաբերյալ։
Նշվում է, որ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների և սահմանափակումների պայմաններում ուղղակի խոչընդոտներ են հարուցվում եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։
Գերագույն խորհուրդը հայտարարել է, որ միջազգային կազմակերպություններից և իրավապաշտպան կառույցներից ակնկալում է արդար արձագանք՝ կապված իշխանական ուժի կողմից Հայ Առաքելական եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու քայլերի հետ։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում արծարծված է եկեղեցու «բարեփոխման» գաղափար՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտոնանկության միջոցով, ինչը ներկայացվում է որպես հակականոնական և հակաիրավական մոտեցում։
Մայր Աթոռը հիշեցրել է, որ եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։





































