Մայիսի 11-12-ը Երևան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը հայտարարել է հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններն առանց վախի, արտաքին միջամտության և վարչական ռեսուրսների չարաշահման անցկացնելու անհրաժեշտության մասին։
Վերլուծելով ընտրարշավը՝ պատվիրակությունը մատնանշել է կոշտ հռետորաբանության, վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ընտրողների վրա ճնշումների և ընտրակաշառքի հնարավոր դեպքեր։
Զեկույցում նաև արձանագրվել են քաղաքական բևեռացման, պետական ինստիտուտների նկատմամբ ցածր վստահության, վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրական կոռուպցիայի մեղադրանքների խնդիրները և նշվել է Հայ Առաքելական եկեղեցու «աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։
ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին ամրապնդել արտաքին միջամտությանը հակազդելու միջոցառումները և ապահովել հավասար մրցակցային պայմաններ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար։
Կազմակերպությունը նաև ընդգծել է կիբեռհարձակումների, ոչ թափանցիկ ֆինանսավորման, տնտեսական ճնշման, ապատեղեկատվության տարածման ռիսկերը և ընտրական գործընթացներին սփյուռքի մասնակցության վրա հնարավոր ազդեցությունը։
Շեշտվել է քաղաքական ֆինանսավորման թափանցիկության բարձրացման, ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման և քաղաքացիական հասարակության վրա ճնշումներից, այդ թվում՝ SLAPP (Strategic Lawsuits Against Public Participation) դատական հայցերից և զրպարտչական արշավներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նվազեցնել լրագրողներին, իրավապաշտպաններին կամ ակտիվիստներին լռեցնելու, վախեցնելու և հյուծելու փորձերը։
ԵԽԽՎ-ն հայտարարել է, որ հունիսի 7-ին Հայաստան կուղարկի լիարժեք ընտրությունների դիտորդական առաքելություն՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի հետ համատեղ։
Ուժային կառույցները մարտի 30-ից սկսած՝ պարբերական խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Քննչական գործողությունների հերթական փուլն արձանագրվել էր մայիսի կեսերին. մայիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր դաշինքի գործով նոր մեղադրանքների մասին՝ տեղեկացնելով Բաղրամյան համայնքի մի քանի բնակչի ձերբակալության մասին՝ ընտրողներին կաշառելու կասկածանքով։
Արդեն մայիսի 14-ին «Հայաստան» դաշինքն ահազանգել էր Սպիտակի իր գրասենյակում իրականացված խուզարկությունների և կողմնակիցների ձերբակալման մասին։
Այս գործողությունները տեղի են ունենում իշխող թիմի կողմից հնչող կոշտ հռետորաբանության ֆոնին։ Մասնավորապես, մայիսի 10-ին Եղեգնաձորում կայացած քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմության անդամները չպետք է աշխատեն քաղաքացիական հատվածում՝ սպառնալով նրանց բանտարկությամբ։
Մայիսի 12-ին Armenia Today-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով վարչապետի խոսքերը, փորձել էր մեղմել դրանց երանգը՝ պարզաբանելով, որ հայտարարությունը չի վերաբերում ամբողջ ընդդիմությանը, այլ միայն քրեական տարրերին։




































