2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԱԺ ընտրություններում սատարելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հայտնել է ՀԿ-ն։
Կազմակերպությունը որոշումը բացատրել է ազգային արժեքների շուրջ համախմբվածության, պետության անվտանգության ապահովման և երկրում առկա մարտահրավերների պայմաններում հետևողական պայքարի անհրաժեշտությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ «լինել որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվել թուրք-ադրբեջանական պետությունների միջև»։
«Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ՝ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը»,- եզրափակել են ՀԿ-ում։
Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր», «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ։ Կուսակցությունը հուշագիր էր ստորագրել նաև «ՀայաՔվե» միավորման հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդը կազմել էր քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր ապրիլի 21-ին։




































