«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումն ստորագրել են համագործակցության հուշագիր։
Ըստ հաղորդագրության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կողմից ստորագրված հուշագրով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
«Այդ նպատակով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտի 31-ին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները: Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցություններն ընտրություններին դաշինքով միասնական մասնակցելու հուշագիր էին ստորագրել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդը կազմել էր քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր ապրիլի 21-ին։






































