Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) լիարժեք թափանցիկություն է պահանջում լոնդոնյան հանրային կապերի Apollo Strategic Communications ընկերությունից, որը փաստագրված կապեր ունի Ադրբեջանի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ գործընկերների հետ, հաղորդում է հանձնախումբը:
Պահանջը ներկայացվել է, երբ պարզվել է, որ ընկերությունը գաղտնի կերպով ԱՄՆ լրագրողներին ուղարկել է մեդիա խորհրդատվական նամակ՝ թիրախավորելով ANCA-ին՝ ամերիկահայերի շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար։
Մարտի 2-ին ուղարկված էլեկտրոնային նամակը՝ պատրաստված Apollo-ի աշխատակից Դանիել Բլեյք-Մարտինի կողմից և արտահոսած մի շարք լրատվամիջոցների միջոցով, հրավիրում էր ամերիկյան լրատվամիջոցների խմբագիրներին հրապարակել ANCA-ի դեմ ուղղված քննադատական հոդվածներ՝ կրկնելով այն կեղծ պնդումները, որոնք հաճախ առաջ են մղվում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարության շահերով՝ Վաշինգտոնում Հայաստանի կողմնակիցների դեմ։
Ընկերության հուշագրում ամերիկացի լրագրողներին առաջարկվում էր մուտք ունենալ չորս «ոչ հրապարակային» աղբյուրների, այդ թվում՝ անանուն կոնգրեսական աշխատակցի, Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորի և ակադեմիական ու վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների, որպեսզի հրապարակվեն ANCA-ին վնասող նյութեր։
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հրապարակված հոդվածում այս գործողությունը բնութագրել է որպես նախապես պատվիրված նյութ, որը գաղտնի ուղարկվել է ամերիկացի լրագրողներին՝ որպես զրպարտության ուղեցույց՝ անանուն կերպով ներգրավելով հայ գործիչների աջակցությունը՝ Գարո Փայլանից մինչև պատգամավոր Մարիա Կարապետյան:
Նա նշել է, որ կազմակերպության վրա հարձակվում են, քանի որ այն հստակ պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, հայերի վերադարձը Արցախ, Ադրբեջանի օկուպացիայի ավարտը, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը և, թերևս, Բաքվի ու նրա էներգետիկ գործընկերների համար «ամենաաններելի» պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունը։
Նշված աղբյուրներից մեկը՝ Փայլանը, հետագայում հրապարակայնորեն հերքել է իր մասնակցությունն արշավին՝ X սոցիալական ցանցում գրելով, որ «լրագրողներին իր անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք չի թույլատրել»։ Արտահոսքից հետո Apollo ընկերությունը փակել էր X-ի նրա հաշիվը:
California Courier թերթի հրատարակիչ և սյունակագիր Հարութ Սասունյանը, որի շաբաթական հոդվածում մանրամասն ուսումնասիրվել էր Apollo-ի հուշագիրը, նշել է, որ այս գործողությունը կարող է հանդիսանալ օրենքի խախտում։
«ASC-ի հուշագիրն ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկվել է Մեծ Բրիտանիայում գործող PR ընկերության կողմից, ոչ թե ԱՄՆ-ում գործողի, հնարավոր է՝ դաշնային օրենքով նախատեսված օտարերկրյա լոբբինգի բացահայտման պահանջները շրջանցելու նպատակով»,- գրել է Սասունյանը՝ հավելելով, որ Apollo-ն չի պատասխանել մեկնաբանության բազմաթիվ հարցումներին, «ինչի արդյունքում PR ընկերությունը, փաստացի, բացասական PR է իրականացրել ինքն իր դեմ»։
Apollo-ն, իր հերթին, 2009 թվականին գրանցվելուց ի վեր գործել է տարբեր անուններով՝ նախկինում կոչվելով Red Public Relations Limited և Apollo Public Relations Limited։
«ANCA-ն հրապարակայնորեն ներկայացնում է իր գործունեությունը՝ մեր համայնքին ներգրավելով բաց ակտիվիստական կոչերով, մամուլի հաղորդագրություններով և համազգային հանրային քննարկումներով։ Ի տարբերություն դրա՝ Apollo-ի ներգրավվածությունն ամբողջությամբ անհայտ կմնար, եթե նրանց նամակները չարտահոսեին։ Այժմ մնում է, որ Apollo-ն բացահայտի, թե կոնկրետ ո՞վ է ֆինանսավորում այս հակազրպարտչական արշավը՝ ներկայացնելով պայմանագրերի պայմաններն ու վճարված գումարների չափը»,- գրել է Համբարյանը։





































