Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա՝ 2026 թվականի մարտ ամսին, լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ըստ նախարարի՝ իրազեկման արշավն արդեն իսկ պատրաստվում են սկսել։
«Կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել, ընդունվել են խորհրդի (Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ) կողմից, և մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- պարզաբանել է Գալյանը։
Նա մանրամասնել է, որ Սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն, ընդունելի լինել չի կարող, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին։
«Ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով Սահմանադրության նոր տեքստի ընդունմանը»,- նշել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Արդարադատության նախարարը հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակում է Սահմանադրական խորհուրդը։ Ըստ նրա, նոր տեքստի համաձայն, մի շարք ոլորտներում ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, նաև փոխվելու է ընտրությունների կարգը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել էր 2020-ի փետրվարին՝ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որն այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։



































