«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» համաժողովրդական շարժումը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադրման վերաբերյալ տեղեկությունները։
Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակի հասցեում (Տերյան 69)։ Ըստ Civilnet լրատվականի՝ քաղաքական ուժն ի սկզբանե կոչվել է «Հայամետ», իսկ 2026 թվականի հունվարի 16-ին անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։ Ռեգիստրի համաձայն՝ հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք շարժման անդամներ են։
«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, մեկնաբանելով այդ տեղեկությունները, Armenia Today-ին ասել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։
«Այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով»,- ասել է նա։
Ըստ խոսնակի՝ Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են, և առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։




































