Հայաստանում հարցված 1000 քաղաքացիները 10 բալանոց համակարգով 7,2 բալ են տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ պատասխանելով, հարցին, թե հասարակական ու քաղաքական գործիչներից ում են հասարակության առողջացման, միասնության առաջնորդը համարում։ Հարցումն իրականացրել է MPG/Gallup International Association-ը՝ դեկտեմբերի 24-27-ը։ GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի ասուլիսի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Աջապահյանն այդ սանդղակում, որտեղ ներկայացված են միջին գնահատականները, բալերի մեծությամբ առաջին տեղում է։ Երկրորդ տեղում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն է, ում հարցմանը մասնակցածները 5,7 բալ են տվել։ Երրորդում 5,5 բալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին է, չորրոդում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը, որն ստացել է 5,1 բալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4,7 բալով 5-րդ տեղում է։ Փաշինյանին հաջորդում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (4,7 բալ), այնուհետ՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը (3 բալ)։ ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը 8-րդ տեղում է (3,3 բալ), պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը՝ 9-րդում (2,9 բալ)։ 10-րդում «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է (2,8), 11-ում՝ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (2,4)։
Հարցման տվյալներով՝ որպես հասարակական համերաշխության աղբյուր, քաղաքացիների մեծ մասը՝ 55,8%-ը, լիովին վստահում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Երկրորդ տեղում կրթական համակարգն է (27,4%), երրորդում՝ պետական իշխանությունները (17,8%)։ Չորրորդ տեղում քաղաքական դաշտն է, որին վստահում է 12,3%-ը, հինգերորդում մեդիան է, որին լիովին վստահում է հարցվածների միայն 8,2%-ը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների շուրջ 57%-ը նաև կարծում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է շարժվում, և միայն 36%-ն ունի հակառակ կարծիք:
Նավասարդյանը ներկայացրել է նաև երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդրի վերաբերյալ հարցման արդյունքները: Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների գրեթե 40%-ն անվտանգությունը համարել է ամենակարևոր խնդիրը։
Հարցվածների 23,4%-ը բողոքել է ցածր աշխատավարձից և թոշակից, 13,8%-ը նշել է տնտեսական իրավիճակի խնդիրը, 13,3%-ը մտահոգված է գործազրկությամբ, 12%-ը՝ գնաճով։ 11,3%-ը մտահոգված է կրթության վատ վիճակով, իսկ 9,8%-ը բարձրացրել է սահմանների հստակեցման հարցը:
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների գրեթե 54%-ը դրական է գնահատել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի գործունեությունը, մինչդեռ ավելի քան 50%-ը դատապարտել է Փաշինյանի մասնակցությունը պատարագներին՝ կարգալույծ քահանաների հետ։




































