Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ Որոշումը դեկտեմբերի 4-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ որոշման՝ նա դեկտեմբերի 15-18-ը ներառյալ Լոնդոնից կգործուղվի Նիդերլանդներ (Հաագա)՝ Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետներ ներկայացնելու։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) երթուղի:
ՀՀ փոխարտգործնախարարը նոյեմբերի վերջին հայտնել էր, որ TRIPP-ի շուրջ այս փուլում հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծման վերաբերյալ քննարկում է ընթանում:





































