Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը տվյալ պահին այց է իրականացնում ոստիկանության համապատասխան բաժին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, հայտարարել է ՄԻՊ-ը:
Պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են ոստիկանության բաժին, նշել է ՄԻՊ-ը:
«Մշտադիտարկման արդյունքում նաև տեղեկություններ են ստացվել, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը, ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրցական կրթության իրավունքի վրա: Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՄԻՊ-ը ներկայումս ուսումնասիրում է շրջանառվող բոլոր տեղեկությունները՝ իր մանդատի շրջանակներում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձում էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Armenia Today-ին «Մեր ձևով» շարժումից տեղեկացրել էին, որ Մխիթարյանին բերման են ենթարկել, երբ նա փորձել է կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։





































