Հանցավոր խումբն օտարերկրացիների հետ համագործակցությամբ 4,5 միլիարդ դրամի փողերի լվացում է կատարել Հայաստանում, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հայտարարության՝ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, նրա ամուսնու և սկեսրայրի բանկային քարտերին տարբեր աղբյուրներից փոխանցվել է նշված գումարը, որի ծագումը թաքցնելու նպատակով փոխանակել են դոլարով (11 մլն 188 հզր 200 դոլար):
ՔԿ-ն Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):
Նշվում է, որ դեպքը փոխկապակցված է մաքսանենգությամբ Հայաստան առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու քրեական գործի հետ, որի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։






































