«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Ավդալյանը չի մանրամասնել, թե Չալաբյանը ո՞ր քրեական գործի մեջ է ներգրավված կամ ի՞նչ մեղադրանքներ է առաջադրվել նրան։ Նա ասել է, որ Քննչական կոմիտեն շուտով կհրապարակի պաշտոնական հայտարարություն։
Ավելի ուշ Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, իր հրապարակած տեսանյութում կարծիք է հայտնել, որ առաջիկայում Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները, ինչի համար էլ իշխանություններն ուզում են «իզոլացնել» ամուսնուն։
«Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել, հետո ձերբակալել։ Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ պատրաստված եկել էին, որպեսզի ձերբակալեն։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»,- նշել է Ադամյանը։
Ադամյանի խոսքով՝ 7-8 իրավապահ իրենց տուն է եկել առավոտյան 7։10, երբ ամբողջ ընտանիքը քնած էր։ Ըստ նրա՝ մինչ տեսանյութի հրապարակման պահը մեղադրանքի մասին տեղեկություն չունեն։
Ապրիլի 29-ին «ՀայաՔվե» միավորումն՝ ի դեմս Չալաբյանի, համագործակցության հուշագիր էր ստորագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։




































