Ֆրանսիայում հունիսի 18-ից ի վեր 40 մարդ է ջրահեղձվել՝ փորձելով լողալու միջոցով դիմակայել ռեկորդային շոգին, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին։
Նրա խոսքով՝ զոհերի մեծ մասը երիտասարդներ են, իսկ երկիրը «բացառիկ ինտենսիվության» շոգի դրվագ է ապրում։
Météo-France-ի տվյալներով՝ Ֆրանսիան գրանցել է ամենաշոգ օրը 1947 թվականից ի վեր՝ չափումների ամբողջ ընթացքում։ Հունիսի 23-ին Պիսոսում ջերմաստիճանը հասել է 44,3°C-ի, Բորդոյում՝ 42,1°C-ի։ Երկրի 54 դեպարտամենտում հայտարարվել է շոգի կարմիր զգուշացում։
Շոգի պատճառով Փարիզում Էյֆելյան աշտարակը հունիսի 23-ին փակվել է սովորականից ավելի քան 8 ժամ շուտ, իսկ Լուվրից հայտարարել են հունիսի 24-27-ը աշխատանքային ժամերը կրճատելու մասին։ Փարիզի տարածաշրջանի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում աշխատել տնից և խուսափել երկաթուղային ուղևորություններից։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Golfech ԱԷԿ-ում ռեակտորներից մեկը դադարեցվել է, քանի որ գետից վերցվող հովացման ջրի ջերմաստիճանը գերազանցել է անվտանգ 28°C շեմը։
Շոգն ընդգրկել է նաև եվրոպական այլ երկրներ։ Իտալիայում կարմիր զգուշացում է հայտարարվել 15 քաղաքներում, այդ թվում՝ Միլանում և Հռոմում, իսկ օդորակիչների օգտագործման աճը հոսանքի խափանումների է հանգեցրել Միլանում և Թուրինում։ Գերմանիայում հանգստյան օրերին լողալու հետ կապված պատահարների հետևանքով 5 մարդ է մահացել։ Իսպանիայում գրեթե ամբողջ երկիրը շոգի զգուշացման տակ է․ հունիսի 22-ին 828 օդերևութաբանական կայանից 101-ում գրանցվել է 40°C և ավելի բարձր ջերմաստիճան։
Ապրիլի 29-ին հրապարակված WMO/Copernicus-ի European State of the Climate 2025 զեկույցում նշվել էր, որ Եվրոպան աշխարհում ամենաարագ տաքացող մայրցամաքն է։ Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Եվրոպայի առնվազն 95%-ում տարեկան ջերմաստիճանը միջինից բարձր է գրանցվել, իսկ շոգի ալիքները տարածվել են Միջերկրականից մինչև Արկտիկա։
Copernicus Climate Change Service-ը հունիսի 10-ին հայտնել էր, որ Արևմտյան Եվրոպան մայիսի երկրորդ կեսին արդեն ապրել էր անսովոր վաղ և ինտենսիվ շոգի ալիք։ Ըստ ծառայության՝ մայիսի 21-30-ը ջերմաստիճանային ամենամեծ շեղումները գրանցվել էին Արևմտյան Ֆրանսիայում, Անգլիայում և Ուելսում, որտեղ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր ավելի քան 10°C-ով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Արևմտյան Եվրոպայում շոգի ալիքը պահպանվում է «օմեգա-բլոկ» կոչվող եղանակային համակարգի պատճառով, երբ բարձր ճնշման գոտին երկար ժամանակ պահում է տաք օդը նույն տարածքում։ Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխությունը շոգի ալիքները դարձնում է ավելի հաճախակի և ինտենսիվ, իսկ Եվրոպայում դրանք այժմ 2-4°C-ով ավելի շոգ են, քան կլինեին առանց մարդու գործունեությամբ պայմանավորված տաքացման։






































