ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում չի կարող լինել կայուն խաղաղություն, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
Նա այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների գերության 1000-րդ օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։
Ասուլիսը կազմակերպվել էր Շերմանի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցել են նաև կոնգրեսականներ Ջուդի Չուն, Լորա Ֆրիդմանը և Ջիմ Կոստան, որոնք ևս պահանջել են հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
Շերմանը նշել է, որ ադրբեջանական գերության մեջ շարունակում են մնալ առնվազն 19 հայ ռազմագերի և քաղաքացիական պատանդներ, այդ թվում՝ Արցախի քաղաքական ու ռազմական գործիչներ։ Նրա խոսքով՝ Բաքուն անտեսում է միջազգային իրավունքի պահանջները, մինչդեռ գերիների հարցի լուծումը տարածաշրջանում կայուն խաղաղության նախապայման է։
Չուն կոչ է արել ապահովել արցախահայության վերադարձի իրավունքն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Ֆրիդմանը հայտարարել է, որ խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի ինքնիշխանության և արցախահայության իրավունքների հարգման, իսկ Կոստան պահանջել է Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերում և բոլոր պահվող անձանց անվերապահ ազատ արձակում։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկվող «խաղաղության» համաձայնագիրը չի կարող կայուն խաղաղության հիմք դառնալ, եթե անտեսվում են հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման, արցախահայության անվտանգ վերադարձի և Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը։ Նրա խոսքով՝ դրանք ոչ թե խաղաղության խոչընդոտներ են, այլ իրական և տևական խաղաղության հիմքերը։
Կոնգրեսականներն ու ANCA-ն «1000 օրը» հաշվում են Լաչինի միջանցքի շրջափակումից սկսած՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ գերության և պատանդառության քաղաքականության խորհրդանշական նշաձող։ Բաքվում գտնվող հայ գերիների թիվը, պաշտոնական տվյալներով, 19 է:




































