ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոչընդոտներ չի տեսնում ընդդիմության կողմից քարոզարշավ իրականացնելու հարցում։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով Armenia Today-ի այն հարցին, թե հավասա՞ր են իշխանության և ընդդիմության նախընտրական քարոզարշավի պայմանները՝ հաշվի առնելով տասնյակ քրեական գործերը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ սպառնալիքներն ընդդիմադիրներին:
Սիմոնյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում են ոչ թե բոլոր ընդդիմադիրներին, այլ նրանց, ովքեր, նրա պնդմամբ, դարձել են ընդդիմադիր, որպեսզի «քրեական գործերի միջով չանցնեն»:
Միևնույն ժամանակ՝ նա չի նշել այդ ուժերի անունները և չի հայտնել, արդյոք կա՞ն փաստեր այն մասին, թե կոնկրետ ով է այդ պատճառով դարձել ընդդիմադիր: Փոխարենը՝ նա մեղադրել է ընդդիմադիրներին վատ աշխատելու մեջ և նշել, որ ինքն ավելի լավ է աշխատել ընդդիմադիր ժամանակ:
«Հիմնական 3 ընդդիմադիր ուժ կա։ Ենթադրենք, ևս 6 ընդդիմադիր ուժ կա, բոլորն էլ լիակատար աշխատում են, այդ ո՞վ է քրեակատարողական հիմնարկում»,- ասել է նա։
Փաշինյանը Եղեգնաձորում մայիսի 10-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր գործիչները, եթե աշխատեն էլ, ապա միայն ՔԿՀ-ներում։


































