Վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել է բանտարկել ընդդիմության ներկայացուցիչներին։ Այս մասին նա հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ Եղեգնաձորում կայացած հանրահավաքի ժամանակ։
Փաշինյանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչներին պետք է թույլ տալ աշխատել միայն քրեակատարողական հիմնարկներում։
«Ես համաձայն եմ, այդ մարդիկ կսովորեն հայերեն, բայց ես համաձայն չեմ, որ մենք այդ մարդկանց բաց կթողնենք աշխատանքի շուկա։ Նրանք եթե այնուամենայնիվ աշխատեն, պետք է աշխատեն քրեակատարողական հիմնարկում»,- ասել է նա։
Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Գորիսում կայացած հանրահավաքի ժամանակ քննադատել է Հայաստանի գործող իշխանություններին՝ նրանց մեղադրելով սեփական ձախողումներն ու «պարտվողի բարդույթը» հանրությանը պարտադրելու մեջ։
«Մի անգամ պարտվել եք, դա ձեր պարտությունն է, ինչո՞ւ եք այն որպես կոմպլեքս (բարդույթ-խմբ.) ամեն անգամ բարդում մեզ վրա»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Կարապետյանի պնդմամբ՝ Ադրբեջանն ամենակարող պետություն չէ, և դրա հզորությունը չպետք է դառնա հայկական կողմի զիջումների պատճառը։
«Ադրբեջանն ամենակարող չէ։ Այն աշխարհում 87-րդ երկիրն է իր հզորությամբ, այնքան ուժեղ չէ, որքան ներկայացվում է։ Այո, նրանք մեկ անգամ հաղթել են՝ հաղթելով կոնկրետ մարդու, բայց դա չի նշանակում, թե նրանք անպարտելի են»,- նշել է Կարապետյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհակարգը թույլ չի տալիս հարևան երկրին պարզապես տիրանալ Հայաստանի տարածքներին՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը։
«Այսօր այն դարը չէ, որ կարողանան պարզապես գալ և ասել՝ սա «Արևմտյան Ադրբեջան» է ու վերցնել։ Աշխարհում և մեր տարածաշրջանում կան գերտերություններ, որոնց ձեռնտու է Հայաստանի գոյությունը։ Մեզ պետք է երկրում իրավիճակ փոխել և բերել մարդկանց, ովքեր ի վիճակի են դուրս գալ այս պարտված վիճակից»,- հավելել է նա։
Փաշինյանի՝ ընդդիմությանն ուղղված հայտարարություններին արձագանքել է նաև «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Նա վարչապետին հորդորել է «իրեն տղամարդավարի պահել» և դադարեցնել հարձակումներն ընդդիմության վրա։
«Ավելի լավ է հայերենին լավ չտիրապետել, բայց չստել քաղաքացիներին»,- հավելել է Թաթոյանը։
Իրավապահ մարմինները մարտի 30-ից տարածում են հաղորդագրություններ և գաղտնալսումների հատվածներ՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին մեղադրելով բարեգործության մասին օրենքը խախտելու, կաշառք տալու և կաշառքի խոստում տալու մեջ։
Մայիսի 7-ին կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Սյունիքի մարզում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցների նկատմամբ հարուցված նոր քրեական գործի մասին։
Կուսակցությունում տեղի ունեցածը համարում են քաղաքական հետապնդում։ Կարապետյանը բացառել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքների կիրառումը՝ հավաստիացնելով, որ իր գլխավորած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Կարդացեք նաև՝
Կարապետյանը խոսել է Փաշինյանի և Ալիևի կողմից Հայաստանին սպառնացող վտանգի մասին



































